Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐՊԱՆՆ Է

ՏՈՒԺՈՂԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՈՂԻ ԳՐՊԱՆՆ Է
11.06.2010 | 00:00

Որքան էլ գյուղնախարարությունն անցած տարվանից փորձում է ապացուցել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ խնդիրներ չի առաջացրել ոլորտում, գյուղացին այլ բան է ապացուցում։ Եվ` ոչ միայն գյուղացին։
Օրերս մամուլում ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած պարենային ապրանքների շարժը, 2009-ի համեմատությամբ, ավելի քան խոսուն է։ Ըստ այդմ, այս տարվա ապրիլ-մայիսին մրգերի գնաճը եղել է 16,7 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի գնաճը` 10,4 տոկոս, հացամթերքի գինն աճել է 0,2 տոկոսով, մսամթերքինը` 0,3 տոկոսով։ Սակայն պետք է նկատել, որ մսի գինը 2009-ի մայիսի համեմատ նույն ժամանակահատվածում աճել է 15 տոկոսով։ Մի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին գնանկում նկատվել է միայն ձվի, ձկնամթերքի տեսականիում։ Ի դեպ, այս իրավիճակը հիշեցրեց մեզ մի երկխոսություն «Վարպետների քաղաքը» կինոնկարից, երբ ծառայողն իշխանին բողոքում է. «Գեղեցկուհին չի հնազանդվում և կոտրում է ափսեները»։ «ՈՒշադրություն մի դարձրեք»,- ասում է իշխանը։ «Այո, սակայն նա դրանք կոտրում է իմ գլխին»,- պատասխանում է վերջինս։ Մի կողմից ներկայացված ցուցանիշները կարելի է ընկալել սոսկ վիճակագրական թվեր, սակայն այս վիճակագրությունը գրեթե ամեն օր «հարվածում» է սպառողի գրպանին։ Ավելին, սրանք սոսկ թվեր չեն, այլ յուրաքանչյուր թվի տակ մի ամբողջ տնտեսական շղթայական կապ է։ Ինչո՞ւ է բարձրանում գյուղմթերքների գինը. այն պարզ պատճառով, որ բարձրացել է գազի գինը, ինչը լուրջ շարժիչ ուժ է բոլոր ոլորտներում։ Կարելի է ասել` կենսական նշանակության։ «Մեր ցանած, բեջարածը ջրի գնով տա՞նք, դե թող պարարտանյութը, սերմացուն, ջուրը մեզ էժան գնով վաճառեն։ Կվաճառեն, բա չէ...»,- մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեցին գյուղացիները գնաճի խնդիրը։ Իրենց հերթին պարարտանյութ ներկրողներն էլ նշում էին. «Գազի գինը բարձրացել է, ինչն ազդել է ինքնարժեքի վրա»։ Ի դեպ, այն, որ գազի գնի բարձրացումն ուղղակիորեն ազդել է գյուղմթերքների տեղափոխման վրա, նշում էին նաև գյուղացիները։ Թեև պետք է նկատենք, որ չնայած գյուղմթերքների գնաճին, այնուհանդերձ, ազգային վիճակագրությունը փաստում է, որ աճ է գրանցվել նաև գյուղմթերքների իրացման ոլորտում, մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին իրացման գներն աճել են 14,4 տոկոսով։ Սակայն այստեղ կա մեկ այլ կարևոր և նուրբ հարց. արդյո՞ք գյուղմթերքների իրացման աճից էապես շահում է գյուղացին։ Միանշանակ կարելի է ասել, որ ոչ, ելնելով երկու հիմնարար պատճառներից։ Առաջինը` որպես քաղաքացի նրա համար ևս բարձրացել են բոլոր կոմունալ ծախսերը, և երկրորդ` նա իր մթերքը շուկայականից ցածր գնով է վաճառում։ Այն պարզ պատճառով, որ գյուղացու արտադրած մթերքը շուկայում վերավաճառողն է իրացնում։ Այսինքն, ստացվում է, որ առանց մեծ ջանք ներդնելու վերավաճառողն ավելի շատ գումար է աշխատում։ Սրան զուգահեռ տուժում է սպառողը, քանի որ մթերքը ձեռք է բերում ոչ թե գյուղացուց, այլ վերավաճառողից` ավելի բարձր գնով։
Ի դեպ, հարկ է նկատել, որ վերավաճառողների այս խավը ձևավորվեց 1993-ին. աստիճանաբար շուկայից դուրս մղելով գյուղացուն, ձևավորվեց բոլորովին նոր սոցիալական խավ` իր բարքերով։ Արդյոք գյուղացուն շուկայից դուրս մղելը սոսկ պատահականությո՞ւն էր, ժամանակի թելադրա՞նք, թե՞ վերավաճառողների բիզնեսը խիստ հետաքրքրական դարձավ շուկայում քաղաքականություն թելադրող որոշ անձանց համար։ Սրանք հարցեր են, որոնք դեռևս լայնորեն ուսումնասիրված չեն։ Փաստ է միայն, որ գործազրկության պայմաններում այս նոր խավը ձևավորվեց, խզվեց սպառող-գյուղացի շփումը, ինչից ակնհայտորեն չշահեցին ո՛չ սպառողը, ո՛չ էլ գյուղացին։ Իսկ սպառողներն իրենց հերթին դժգոհում են ոչ միայն բարձր գներից, այլև բոլոր շուկաներում ապրանքատեսականու սակավությունից, ինչը, համաձայնեք, բնորոշ չէ Հայաստանի պես մրգառատ երկրին։ Թե ինչով է սա պայմանավորված, դժվարանում ենք ասել, գուցե արժե, որ խնդիրն ուսումնասիրեն ոչ միայն հասարակական կառույցները, այլև գյուղնախարարությունը։
Ընդհանրապես, գյուղատնտեսությունը ոչ միայն ծանր և աշխատատար, այլև նուրբ ոլորտ է, քանի որ կախված է բնության քմահաճույքներից։ Իսկ վերջին երկու-երեք տարիներն այդ առումով ոչ այնքան նպաստավոր են ոլորտի համար։ Ի թիվս շատ խնդիրների, ավելացել է նաև մեկ ուրիշը. խլուրդների մեծ բանակ է հայտնաբերվել։ Մամուլում նշվել էր, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում մեծացել է կրծողների, հատկապես խլուրդների, պոտենցիալ վնասարարության գործոնը։ Միևնույն ժամանակ ահազանգ է հնչեցվել պատկան մարմիններին լրջորեն զբաղվելու այս խնդրով։ Ի՞նչ է արվում կրծողների և, մասնավորապես, խլուրդների դեմ պայքարի գործում, փորձեցինք տեղեկանալ գյուղնախարարությունից։ «Ընդհանրապես պայքար է իրականացվում մկնանման կրծողների և մորեխների դեմ։ Անցած տարի մկների դեմ պայքար ենք իրականացրել 82416 հա-ի վրա, որի համար օգտագործվել է 10302 կգ բույսերի պաշտպանության միջոց, ընդամենը ծախսվել է 99 մլն 850 հազար դրամ։ Այս տարվա գարնանային ուսումնասիրության արդյունքների հիման վրա մարզերին անհատույց հատկացրել ենք 2128 կգ թունաքիմիկատ, որով պայքար կարելի է իրականացնել 17 հազարից ավելի հեկտարի վրա։ Նախատեսվում է իրականացնել պայքար մկնանման կրծողների դեմ` շուրջ 91 հազար հա տարածքի վրա, որի համար կպահանջվի 11375 կգ մկնասպան թունաքիմիկատ։ Ընդհանուր արժեքը կկազմի 59 մլն 148 հազար դրամ։ Ինչ վերաբերում է խլուրդներին, ապա, քանի որ նրանք գետնի երես դուրս չեն գալիս, թունաքիմիկատով պայքարի արդյունավետությունը բարձր չի լինի։ Նրանց դեմ պայքարի միջոցները երկուսն են` բներում կրակելը, որը շատ թանկ միջոց է, և խոր աշնանը խոր ցրտահերկ կատարելը։ Խլուրդների դեմ արդյունավետ պայքարի համար մեր տնտեսավարողները պետք է հետևեն երկրորդ տարբերակին։ Սա թույլ կտա քանդել ոչ միայն խլուրդների բները, այլև ոչնչացնել նրանց պաշարները։ Սա է միակ արդյունավետ պայքարի միջոցը` վարը պետք է կատարել 30-35 սմ խորությամբ»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց գյուղնախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ ԳԱԳԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։ Իսկ թե ինչու են խլուրդները շատացել` մեր զրուցակիցը բացատրեց, որ դա պայմանավորված է նրանով, որ տարիներ շարունակ խոր ցրտահերկ չի կատարվել։
Ի դեպ, նշենք, որ կրծողների թվի աճը զգալի է նաև մայրաքաղաքում։ Արեշի սեփական տների բնակիչներն իրենց այգիներում նկատել են մեծ թվով «արջուկ» կոչվող կրծողների։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ